Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան արձագանքել է հակադոպինգային դատախազության՝ իրեն 4 տարով որակազրկելու որոշմանը։
Փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆրանսիացին որակազրկվել է 4 տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։
«Այսօր ես տեղեկացա հակադոպինգային դատախազության որոշման մասին։ Կարծում եմ՝ դատավճիռն անարդար է։ Ես տխուր եմ, ցնցված եմ, սիրտս կոտրված է։ Այն ամենը, ինչ կառուցել էի իմ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, ինձնից խլեցին։
Երբ ես ազատվեմ իրավական սահմանափակումներից, ամբողջ պատմությունը հայտնի կդառնա, բայց ես երբեք գիտակցաբար կամ միտումնավոր չեմ ընդունել հակադոպինգային կանոնները խախտող հավելումներ:
Որպես պրոֆեսիոնալ մարզիկ, ես երբեք չէի անի որևէ բան, որը կբարելավի իմ կատարողականությունը ապօրինի նյութերի օգտագործման միջոցով: Ես երբեք չեմ խաբել իմ մարզիկներին կամ այն թիմերի երկրպագուներին, որոնցում հանդես եմ եկել։
Այս որոշումը կբողոքարկեմ մարզական արբիտրաժային դատարան (CAS),- գրել է Պոգբան սոցիալական ցանցերում։
2023 թվականի սեպտեմբերի 11-ին տեղեկություն հայտնվեց, որ Պոգբայի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ խաղից հետո (3:0): Կիսապաշտպանի մարմնում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել։ Կրկնակի դոպինգ թեստը նույնպես դրական արդյունք է տվել։