«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չափազանց հիասթափված է իր թիմի ցուցադրած խաղից Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի «Բայերի» հետ խաղում (0-3), հայտնում է Bayern & Germany-ն իր X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ մասնագետը դժգոհ է եղել այն բանից, թե ինչպես են խաղացողները խաղադաշտում կատարում իր մարտավարական առաջարկությունները, ինչը լավ է ստացվում մարզումների ժամանակ։ Նշվում է, որ, անկախ նրանից, թե ինչ կլինի Տուխելի հետ, ամռանը կազմի փոփոխություններ են սպասվում։ Մյունխենյան ակումբի ղեկավարությունը հիմնական մեղքը բարդում է խաղացողների վրա՝ համարելով, որ թիմը դժվար է մարզել, իսկ որոշ խաղացողներ հարմար չեն։
Հաղորդվում է նաև, որ «Բավարիան» մինչև մրցաշրջանի ավարտը չի պատրաստվում հեռացնել Տուխելին։
Այս պահին «Բավարիան» 50 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը հինգ միավորով է զիջում առաջատար «Բայերին»։