Տոնի Կրոսը խոսել է «Բավարիա» վերադառնալու լուրերի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Բավարիա» վերադառնալու լուրերի մասին։ Հիշեցնենք, որ գերմանացի կիսապաշտպանը մյունխենցիների կազմում հանդես է եկել յոթ տարի (2007-ից 2014 թվականներին):

«Թույլ տվեք մի բան պարզաբանել՝ ես չեմ վերադառնա «Բավարիա», չնայած մամուլում տարածված տարբեր ասեկոսեներին: Դա տեղի չի ունենա։ Մյունխենցիների հետաքրքրությունը հպարտության առիթ է։ Բայց ես չեմ գնա «Բավարիա», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։