ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն շարունակում է բանակցությունները Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու շուրջ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ներկայիս իրավիճակը տարբերվում է այն իրավիճակից, որը կար 2022 թվականին, երբ Մբապպեն առաջին անգամ կարող էր տեղափոխվել «Ռեալ»։ Այժմ ՊՍԺ-ի ղեկավարությունը 25-ամյա ֆրանսիացուն այլևս չի համարում ռազմավարական նշանակություն ունեցող խաղացող։
Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում, թե ինչպես Մբապպեին կվճարեն ստորագրման բոնուս և գումար նրա իմիջային իրավունքների համար: Մադրիդում Մբապպեն կվաստակի ՊՍԺ-ում ներկայումս վաստակածի կեսը։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագիրը փարիզեցիների հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը, ֆուտբոլիստն այս ամառ կարող է դառնալ ազատ գործակալ։