Կառլո Անչելոտտի․ «Մենք պետք է հարգենք մրցակցին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 8-րդ տուրի «Ժիրոնայի» հետ հանդիպման նախօրեին խոսել է այս մրցաշրջանում տիտղոսի համար պայքարի մասին։

«Մենք պետք է հարգենք մրցակցին։ Մրցաշարային աղյուսակը կարևոր գործոն է:

«Ժիրոնան» առաջին հանդիպումներում ավելի լավ արդյունքներ ցույց տվեց, քան մյուս ակումբները։ Մենք հարգանքով ենք վերաբերվում դրան: Նրանք ունակ են շատ թիմերի դեմ պայքարելու։

Նրանք շատ լուրջ առավելություն ունեն՝ թիմը չի խաղում եվրոպական մրցաշարերում, ուստի կարող է ավելի լավ նախապատրաստվել առաջնության խաղերին։

Ազգային հավաքականների խաղերն ամենաշատը ազդում են ակումբների վրա։ Մենք վնասվածքներ ու հոգնածություն ունենք»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Մադրիդի «Ռեալն» ու «Ժիրոնան» կմրցեն իրար դեմ։ Այս պահին «Ժիրոնան» զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ յոթ տուրից հետո վաստակած 19 միավորով։ Մադրիդյան թիմը միայն մեկ միավորով է հետ մնում առաջատարից։