«Կրասնոդարի» հարձակվող Օլակունլե Օլուսեգունը մեկնաբանել է եվրոպական ակումբների հետաքրքրությունը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։ Ֆուտբոլիստի խոսքով՝ 23-ամյա կիսապաշտպանն այժմ պատրաստ է տեղափոխվել աշխարհի ուժեղագույն առաջնություններից որևէ մեկը։
«Լսել եմ Սպերցյանի նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին։ Իմ կարծիքով Էդուարդը կկարողանա խաղալ և՛ «Բարսելոնայում», և՛ «Ռեալում»: Նա արդեն պատրաստի ֆուտբոլիստ է նրանց համար։ Սպերցյանը պատրաստ է տեղափոխվել աշխարհի թոփ 5 լիգաներից մեկը, նա շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է»,- Օլուսեգունի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Էդուարդ Սպերցյանը Կրասնոդարի շրջանավարտ է։ Օրերս մամուլում լուրեր տարածվեցին եվրոպական մի շարք ակումբներից հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին։
2022/23 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 12 միլիոն եվրո։