«Պրոֆֆուտբոլը» զրուցել է Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի ուղեգիր նվաճած «Վեստ Արմենիայի» գործադիր տնօրեն Վլադիմիր Ամիրխանյանի հետ։
— Պարոն Ամիրխանյան, «Վեստ Արմենիան» հաղթեց Առաջին խմբում։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Նախ, շնորհավորում եմ «Վեստ Արմենիայի» ողջ անձնակազմին չեմպիոնության համար, շնորհակալություն հայտնում այն մարդկանց, ովքեր ուրախացել են և հետևել մեր խաղերին։
— Արդյոք դրվա՞ծ էր նպատակ այս մրցաշրջանում հաղթել ու ուղեգիր նվաճել դեպի Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա։
— Այո՛, «Վեստ Արմենիայի» առաջ դրված է եղել գրավել առաջին հորիզոնականը ու դառնալ չեմպիոն։
— Ինչպե՞ս կամփոփեք մրցաշրջանը։
— Մրցաշրջանը շատ հետաքրքիր ստացվեց մեզ համար, եղան և՛ շատ դժվար հանդիպումներ, և՛ հեշտ հանդիպումներ։ Կարևորը այն է, որ առաջնությունը անցավ առողջ մթնոլորտում։ Մյուս ակումբներին կմաղթեմ՝ չհուսահատվեն, շարունակեն աշխատանքները։ Մյուս մրցաշրջանում ով ուժեղ կլինի, թող նա էլ հաղթի։
— Ի՞նչ փոփոխություններ են սպասվում գալիք մրցաշրջանում, ու ի՞նչ նպատակներ եք դնելու։
— Փոփոխություններ շատ չեն լինելու։ Հիմնական կորիզը պահելու ենք, միանալու են մեզ մի քանի օտարերկրյա ֆուտբոլիստներ, և ձգտելու ենք՝ բարձր դիրք գրավելու համար։
— Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք՝ ՀՊԼ-ում լավագույնս հանդես գալու համար։
— ՀՊԼ-ում հանդես գալու համար էլ ավելի լրջություն է պետք, էլ ավելի պրոֆեսիոնալ աշխատանքներ պետք է տարվեն, մեծ հոգով և պատվով պատրաստվեն ամեն մի խաղի։
— Շարունակելո՞ւ եք հանդես գալ «Ջունիոր սպորտ մարզադաշտում», թե՞ այլ մարզադաշտ է վարձակալելու թիմը։
— Մարզադաշտի հետ կապված դեռ կոնկրետ որոշումներ չենք կայացրել։
— Գալիք տարիներին հայկական ֆուտբոլում ի՞նչ խնդիր է լուծելու ակումբը։
— Թիմը իր առաջ նպատակ ունի պատճաշ մասնակցել առաջնությանը ու հնարավորինս լավ, գեղեցիկ խաղով հանդես գանք և բարձր դիրք գրավենք։
— Ի՞նչ քայլեր են արվում «Վեստ Արմենիայի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար։
— Գալիք տարիներում «Վեստ Արմենիայի» առաջին առաջադրանքը լինելու է, որ ունենա իր սեփական ակադեմիան։
— Ի՞նչ հորդոր ունեք հայ ֆուտբոլասերին, ակումբներին ու առհասարակ հայկական ֆուտբոլին ՀՊԼ-ում հանդես գալուց առաջ։
— Հորդորս այն կլինի, որ էլ ավելի շատ ուշադրություն դարձնենք մանկապատանեկան ֆուտբոլին։ Ֆուտբոլասերին կմաղթեմ, որ հավատան իրենց սիրելի ակումբին։ Նոր մրցաշրջանում շատ դիտարժան խաղերի ականատես կլինեն։