«Պրոֆֆուտբոլը» զրուցել է «Արարատ-Արմենիայի» գործադիր տնօրեն Պողոս Գալստյանի հետ։
– Վերջերս տեղեկություններ շրջանառվեցին, որ «Արարատ-Արմենիա» կարող է վերադառնալ Վարդան Մինասյանը։ Ճի՞շտ են արդյոք այս տեղեկությունները։
– Դե, առայժմ հաստատ ոչ, որովհետև մենք մարզիչ ունենք, որը մինչև մրցաշրջանի ավարտը ունի պայմանագիր։ Տարին կվերջանա, և ըստ այդմ՝ մենք կընդունենք որոշում։
– «Ալֆա» ֆան ակումբը օրերս դժգոհություն էր հայտնել թիմի գրանցած արդյունքների մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
– Հիմնականում նման բաների ես շատ ուշադրություն չեմ դարձնում։ Դժգոհությունը, որը կա, այդ ամեն ինչը կախված է գրանցած արդյունքներից։ Եթե թիմը արդյունք չունի, դժգոհություն կլինի։ Դե, ինձ թվում է, որ մենք այդ բոլոր հարցերի լուծումները կտանք։
– «Արարատ-Արմենիայի» համար մրցաշրջանը ստացվա՞ծ էր, թե՞ ոչ։
– Ավելի շատ ոչ, որովհետև «Արարատ-Արմենիան» միշտ պայքարում է չեմպիոնության համար։
– Ի՞նչ սպասենք գալիք մրցաշրջանում թիմից, հատկապես Եվրագավաթային փուլում։
– Բնականաբար, Եվրագավաթում մենք աշխատելու ենք, որպեսզի ունենանք հաջողություն, անպայման էտապները հաղթահարենք, իսկ հաջորդ մրցաշրջանում մենք պայքարելու ենք միայն առաջին տեղի համար։
– Ի՞նչ կասեք Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում չեմպիոնական պայքարի մասին։ Ի վերջո, ո՞ր թիմը կդառնա չեմպիոն՝ «Ուրարտո՞ւն», թե՞ «Փյունիկը»։
– Կա՛մ «Ուրարտուն» կա՛մ «Փյունիկը»։ Երրորդը չկա։ Չեմ կարող ասել։ Կա՛մ այն թիմը, կա՛մ մյուսը։ Շատ թեժ պայքար է լինելու հունիսի 2-ին։ Փաստորեն 90%-ով պարզ կդառնա չեմպիոնն այդ խաղում։։