«Պրոֆֆուտբոլը» զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի հետ։
– Դեռ նախորդ տարի Դուք «Փյունիկում» էիք, մասնակցեցիք Եվրագավաթային հաջողությանը և ոչ միայն։ Շարունակու՞մ եք հետևել Ձեր նախկին թիմին:
– Հետևել եմ «Փյունիկի» Եվրագավաթային բոլոր խաղերին։ Ես շատ ուրախ եմ, որ թիմը հասավ նման արդյունքի։ Հուսով եմ՝ այս տարի նրանք ևս կգրանցեն մեծ հաջողություններ։
– Այս պահին թիմ չունեք։ Ձեզ այլևս չենք տեսնի՞ խաղադաշտում, թե՞ հարմար առաջարկի եք սպասում։
– Անցյալ տարի, առաջնության ավարտից հետո, վերջացավ պայմանագիրս, և մենք որոշեցինք այն չերկարաձգել։ Սպասեցի մեկ ամիս, հարմար տարբերակ չեղավ։ Որոշեցի ավարտել կարիերաս։
– Ի՞նչ կասեք Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին։
– Մրցավազքի մասին կասեմ, որ թե՛ «Փյունիկը», թե՛ «Ուրարտուն» իսկական պայքար են մղում չեմպիոնության համար։ «Փյունիկը» բնավորություն ունեցող թիմ է՝ համալրված փորձառու խաղացողներով, փորձառու մարզիչներով։ Նրանք չեն հանձնվի։ Այն, որ նրանք անպարտելի են երկրորդ շրջանում, կարծում եմ, որ մինչև վերջ կմնան անպարտելի։ «Ուրարտուն» ավելի երիտասարդ կազմ ունի, ինչը ուրախացնում է։ Մեր երիտասարդները նույնպես խաղալու և իրենց դրսևորելու հնարավորություն են ունենում։
– Ինչի՞ շնորհիվ «Փյունիկը» կդառնա չեմպիոն և ինչի՞ շնորհիվ «Ուրարտուն»։
– Կարծում եմ, որ երկու թիմերն էլ արժանի են չեմպիոնության, սակայն այս դեպքում չեմպիոն կդառնա այն թիմը, որն ավելի վստահ կխաղա հաջորդ երեք խաղերում։ Ամեն դեպքում ես «փյունիկցի» եմ և կուզեմ, որ «Փյունիկը» կրկնի հաջողությունը։