Մադրիդի «Ռեալն» արձագանքել է Զինեդին Զիդանի վերաբերյալ հայտարարություններին

Մադրիդի «Ռեալն» արձագանքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Նոել Լե Գրեի՝ թիմի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին հայտարարություններին:

Ավելի վաղ Լե Գրեին հարցրել էին, թե արդյոք Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը: Նա պատասխանել էր, որ իրեն չի հետաքրքրում: Հարցին, թե արդյոք իր և ֆրանսիացի մասնագետի միջև հեռախոսազրույց է եղել, Լե Գրեն պատասխանել էր, որ նույնիսկ հեռախոսը չի վերցնի, եթե Զիդանը զանգի:

««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը ափսոսանք է հայտնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեյի տխուր հայտարարությունների համար Զինեդին Զիդանի՝ համաշխարհային սպորտի մեծագույն լեգենդներից մեկի մասին։

Այս խոսքերը նշանակում են անհարգալից վերաբերմունք աշխարհի ֆուտբոլասերների կողմից ամենաշատը սիրված գործիչներից մեկի նկատմամբ, և մեր ակումբը ակնկալում է անհապաղ փոփոխություններ: Զինեդին Զիդանն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, որը պաշտպանել է իր երկրի մարզաշապիկը, ներկայացնում է սպորտի արժեքները և դա ցույց է տվել պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում՝ որպես խաղացող և մարզիչ:

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հայտարարությունները հարիր չեն նման պաշտոնում գտնվող մարդուն, նա վարկաբեկում է իրեն այդ հայտարարություններով, ինչպես նաև նրանով, ինչ արեց մեր ավագ, «Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիր Կարիմ Բենզեմայի հետ»,- գրված է ակումբի պաշտոնական հայտարարությունում: