ՈւԵՖԱ-ն որակազրկել է «Ռոմայի» և «Բուդե-Գլիմտի» մարզիչներին

ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես որակազրկել է «Ռոմայի» դարպասապահների մարզիչ Նունու Սանտուշին և «Բոուդե-Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենին Կոնֆերենցիաների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղից (1:2) հետո մասնագետների միջև ծագած կոնֆլիկտի պատճառով: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ժամանակավոր որակազրկումը կտևի այնքան ժամանակ, մինչև ՈւԵՖԱ-ի վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը որոշում կկայացնի գործի վերաբերյալ: Սակայն չի նշվում, թե արդյոք մարզիչները կկարողանան լինել պահեստայինների նստարանին։

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հայտնել էին, որ կոնֆլիկտը հրահրողը հենց «Բուդե-Գլիմտի» գլխավոր մարզիչն է եղել։ Նորվեգական ակումբը հերքել էր այս տեղեկությունը և հայտնել, որ միջադեպից հետո «Ռոմայի» դարպասապահների մարզիչը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Հռոմում։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։