Լամին Յամալը կարողացել է լքել Թուրքիան

Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալը, որը կորցրել էր իր անձնագիրը, արդեն լքել է Թուրքիայի Կոնիա քաղաքը մասնավոր ինքնաթիռով, հայտնում է Turkiye Today-ը։

Կիրակի օր Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակում 6:0 հաշվով հաղթեց Թուրքիայի թիմին։ 18-ամյա Յամալը խաղում աչքի ընկավ երկու գոլային փոխանցումով։ Հանդիպումից հետո մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե ֆուտբոլիստը չի կարողանում գտնել իր անձնագիրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) արագորեն համագործակցել է Թուրքիայի իշխանությունների հետ։ Կոնիայի ոստիկանության միջամտությամբ խնդիրը կարգավորվել է, և կարճ ժամանակ անց «Բարսելոնայի» տաղանդավոր հարձակվողը վերադարձել է Իսպանիա։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում արդեն անցկացրել է երեք հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։