ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների կենտրոնում։ Ինչպես հաղորդում է Fichajes-ը, իսպանական գրանդը դիտարկում է 25-ամյա ֆուտբոլիստին որպես Լուկա Մոդրիչի պոտենցիալ փոխարինող։
Աղբյուրի տվյալներով՝ «արքայական» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հավանել է Վիտինյայի խաղը և նրա տեղափոխությունը համարում է կարևոր քայլ թիմի կիսապաշտպանության ապագան ապահովելու համար։ «Ռեալը» պատրաստ է գործարքի շրջանակում բաց թողնել Էդուարդո Կամավինգային և վճարել շուրջ 100 միլիոն եվրո։
Փարիզյան ակումբը, սակայն, մտադիր չէ հեշտությամբ հրաժարվել իր առանցքային խաղացողից։ Վիտինյան ՊՍԺ-ի առաջատարներից մեկն է, իսկ նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսը։
Թեև բանակցությունները պաշտոնապես չեն մեկնարկել, սպասվում է, որ «Ռեալը» կարող է առաջիկա շաբաթներին ակտիվացնել իր հետաքրքրությունը։