Սիմոնե Ինձագին մարզչական վատ ցուցանիշ է գրանցել

Սիմոնե Ինձագին այս տարի ոչ մի գավաթ չի նվաճել ո՛չ «Ինտերի», ո՛չ էլ «Ալ-Հիլալի» հետ։

Իտալացի մասնագետի գլխավորած սաուդյան ակումբը ԱՄՆ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում պարտվեց «Ֆլումինենսեին» (1-2)։

Ինձագիի համար սա առաջին հնարավորությունն էր նոր թիմով գավաթ նվաճելու։ Նա «Ալ-Հիլալը» գլխավորեց հունիսի սկզբին՝ «Ինտերից» հեռանալուց հետո։

Նրա գլխավորությամբ միլանյան ակումբը այս օրացուցային տարում զրկվել է 4 տիտղոսից։ Ձմռանը «Ներաձուրիները» Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում պարտվեցին «Միլանին»։

Այնուհետև «Ինտերը» կրկին պարտվեց «ռոսոներիներին»՝ այս անգամ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում։ Սերիա Ա-ում միլանցիները զբաղեցրին երկրորդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ջախջախվեցին ՊՍԺ-ի կողմից (0-5)։