Արսեն Վենգերը կարծում է, որ Եվրոպա Լիգայի հաղթողը չպետք է ստանա Չեմպիոնների Լիգային մասնակցելու որակավորում

Լոնդոնի «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը խոսել է եվրագավաթների վերաբերյալ կանոնակարգի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Այս մասին հաղորդում է BeIN Sports-ը։

ՈՒԵՖԱ-ի 2014 թվականի որոշման համաձայն՝ Եվրոպա լիգայի հաղթողը ավտոմատ կերպով իրավունք է ստանում մասնակցելու Չեմպիոնների լիգային հաջորդ մրցաշրջանում։ Վենգերը կարծում է, որ ֆուտբոլային պաշտոնյաները պետք է մտածեն այդ մասին և վերանայեն այս որոշումը։

«Նա պետք է ավտոմատ կերպով որակավորվի Եվրոպա լիգայի համար, բայց ոչ Չեմպիոնների լիգայի համար։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Պրեմիեր լիգային, որտեղ դուք կարող եք որակավորվել Չեմպիոնների լիգայի համար հինգերորդ տեղից։ Մյուս կողմից, մարդիկ կարող են ձեզ ասել, որ այս մրցանակը անհրաժեշտ է Եվրոպա լիգայի նկատմամբ ավելի մեծ մոտիվացիա և հետաքրքրություն ստեղծելու համար»։

Հարկ է նշել, որ Պրեմիեր լիգայում դուրս մնալու գոտուն մոտ տեղեր զբաղեցնող «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են հայտնվել Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակչում։