Վերջ․ Կևին Դե Բրույնեն հայտարարել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։

Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է իր սոցիալական ցանցերում։

«Սրանք կլինեն իմ վերջին ամիսները որպես «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։ Բոլոր ֆուտբոլիստները հասկանում են, որ մի օր նման օր է գալու, և հիմա եկել է։

Ֆուտբոլն ինձ բերեց Մանչեսթեր։ Ես երազի հետևից էի գնում և չգիտեի, որ կարիերայի այս շրջանը կփոխի իմ կյանքը։ Այս մարդիկ ինձ տվել են այն ամենը, ինչ ունեմ։ Եվ մենք հաղթեցինք ամեն ինչ։

Բայց ժամանակն է հրաժեշտ տալու։ Մանչեսթերը հավերժ կմնա մեր սրտերում։ Երեխաներիս անձնագրերում էլ կմնա։ Այս քաղաքը միշտ կլինի մեր տունը։ Սա իմ պատմության լավագույն գլուխն էր»,- գրել է Դե Բրույնեն սոցցանցերում։

Բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից և 10 տարվա ընթացքում վեց անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հինգ անգամ հաղթել է լիգայի գավաթը, երկու անգամ՝ Անգլիայի գավաթը և 2022/23 մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների Լիգան։