Վինիսիուսը ցանկանում է տարեկան նվազագույնը 20 միլիոն եվրո վաստակել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալը» այս ամառ կվերսկսի բանակցությունները վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ՝ երկարաձգելու նրա պայմանագիրը, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը ներկայումս վաստակում է տարեկան մոտ 15 միլիոն եվրո՝ «Լոս Բլանկոսի» հարձակվող Կիլիան Մբապպեի հետ հավասար։ Նոր աշխատանքային պայմանագրով Վինիսիուսը ցանկանում է տարեկան ստանալ առնվազն 20 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը տեղյակ է բրազիլացի վինգերի ցանկությանը, սակայն չի ցանկանում խախտել թիմի աշխատավարձային հավասարակշռությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան թիմերը պատրաստ են Վինիսիուսին 5 տարվա պայմանագիր առաջարկել՝ 1 միլիարդ եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ բրազիլացին Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 300 հանդիպման, որոնցում դարձել է 102 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։