Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին քննադատել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին՝ մրցավարին հայհոյելու համար:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը ուղիղ կարմիր քարտ է ստացել Լա Լիգայի 24-րդ տուրի «Օսասունա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման (1։1) առաջին խաղակեսում մրցավարին հայհոյելու համար։ Հանդիպման մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն զեկույցում հայտնել է, որ անգլիացին իրեն հայհոյել է։ Ֆուտբոլիստը որակազրկվել է երկու խաղով։
«Ինձ համար նշանակություն չունի, թե կոնկրետ ինչ է ասել ֆուտբոլիստը, չպետք է նման բաներ լինի։ Մրցավարը պարտավոր չէ դա ընդունել։ Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչպես ասաց Ջուդը, բայց մրցավարը պարտավոր չէ ընդունել նման պահվածքը խաղադաշտում։ Ով էլ լինես, խաղադաշտում այդպես չպետք է խոսես։ Դա վիրավորանք է, պետք չէ այդպես խոսել»,- Անրիի խոսքերը մեջբերում է AS-ը։