«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, թե պատրաստ է արդյոք ապագայում վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։
Պորտուգալացի մասնագետը «Լոս Բլանկոսը» մարզել է 2010-ից 2013 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը 2011/12 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն։
«Ես միշտ կմնամ «Ռեալի» մեծ երկրպագու։ Նրանք այժմ ունեն աշխարհի լավագույն մարզիչը՝ իմ ընկեր Կառլոն։ Հետագայում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի մարզչի են ցանկանում տեսնել։ Ակումբը կփնտրի՞ մեծ պոտենցիալ ունեցող երիտասարդ մասնագետի, ինչպիսին Խաբի Ալոնսոն է, թե՞ կուզենա հրավիրել փորձառու մարզչի՝ թիմը ղեկավարելու այլ մոտեցմամբ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը։
Տարիների ընթացքում Մոուրինյոն աշխատել է նաև «Ռոմայում», «Թոթենհեմում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Չելսիում», «Ինտերում», «Պորտուում», «Բենֆիկայում» և այլ թիմերում։