Նոր տեղեկություն Կևին դե Բրույնեի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է 33-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ծառայությունները առաջարկելու տարբերակը՝ կարիերան շարունակելու City Football Group հոլդինգի կազմում գտնվող ակումբներից մեկում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ բելգիացի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում, որտեղ հանդես է գալիս City Football Group-ին պատկանող «Նյու Յորք Սիթին»։

Բացի «Մանչեսթեր Սիթիից», այս հոլդինգում ընդգրկված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են, օրինակ, «Մելբուռն Սիթին» (Ավստրալիա), «Ժիրոնան» (Իսպանիա), «Տրուան» (Ֆրանսիա), «Մումբայ Սիթին» (Հնդկաստան) և այլն։

Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Կիսապաշտպանն անգլիական ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։