Հոկտեմբերին «Բարսելոնա» տեղափոխված լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է իր ծխելու սովորության մասին՝ նշելով, որ այն չի ազդում իր խաղի վրա։
34-ամյա Շչեսնին կատալոնացիների հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
«Կան բաներ, որոնք ես չեմ փոխում իմ անձնական կյանքում, և ոչ մեկի գործը չէ՝ ես ծխեմ, թե ոչ։ Դա չի ազդում ոչ ինձ վրա, ոչ էլ այն բանի վրա, ինչ ես անում եմ խաղադաշտում, որտեղ երկու անգամ ավելի շատ եմ աշխատում:
Ես սա երեխաների աչքի առաջ չեմ անում, որ վատ օրինակ չծառայեմ։ Երբեմն ինչ-որ մեկը լուսանկարում է ինձ՝ թաքնվելով ծառերի հետևում: Ես ոչինչ չեմ կարող անել դրա դեմ: Ես փորձում եմ դա թաքցնել ու մարդկանց ցույց չտալ։
Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես կփոխեմ իմ սովորությունները, թող նորից մտածի, քանի որ ես այն եմ, ինչ կամ։ Ես ամբողջ կյանքս այսպիսին եմ եղել, և դա ոչ մեկի գործը չէ: Ես ցանկանում եմ, որ ինձ գնահատեն որպես դարպասապահ, այլ ոչ թե փնտրել պատմություններ», – Շչեսնիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։