«Նա լավ է խաղում, քանի որ հայկական ձմերուկ է ուտում». Նաիր Թիկնիզյան

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է «երկաթուղայինների» երիտասարդ կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի հաջող խաղն ընթացիկ մրցաշրջանի սկզբում։

19-ամյա Բատրակովը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

«Ինչո՞վ են կերակրում Բատրակովին, ինչո՞ւ է նա այդպես խաղում։ Հայկական ձմերուկ (ծիծաղում է)։ Նրա առաջընթացը կարելի է բացատրել նրանով, որ նա մտավ մի թիմ, որտեղ իրեն վստահում են, գնահատում են, և որտեղ նա կարող է ցույց տալ իր որակները։ Ալեքսեյը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։

Պետք է հանգիստ թողնել երիտասարդներին, որպեսզի նրանք հանգիստ առաջադիմեն՝ առանց ավելորդ ճնշումների։ Մենք շատ երիտասարդ խոստումնալից տղաներ ունենք։ Կարևոր է նրանց պաշտպանել ԶԼՄ-ների ավելորդ տեղեկատվությունից, ավելորդ գովասանքներից և նույնիսկ անհիմն քննադատությունից»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Թիկնիզյանը: