Խաչաձև կապանների վնասվածքից հետո Գավիի վերականգնումը նախատեսվածից ավելի արագ է ընթանում։
«Բարսելոնայի» կիսապաշտպանը, ով նոյեմբերի վերջին ծնկի վնասվածք էր ստացել, որոշ ժամանակ մարզվել և աշխատել է մարզասրահում։ Երեկ ակումբը սոցիալական ցանցերում կիսվել է նրա մարզումների տեսանյութով, որտեղ ցուցադրվում է վազք, ցատկ և ուժային մարզումներ:
Գավիի մասնակցությունը ակումբի հետ մինչմրցաշրջանային մարզումներին մնում է հարցականի տակ։ Այս հարցում ակումբը մտադիր է համբերատար լինել, որպեսզի խաղացողը կարողանա 100%-ով ապաքինվել ու ժամանակից շուտ չվերադառնա ընդհանուր մարզումներին։
Միևնույն ժամանակ, 19-ամյա խաղացողն արդեն հանդիպել է կատալոնացիների նոր մարզիչ Հանսի Ֆլիկին, ով ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Նշվում է, որ գերմանացին դրական է գնահատում Գավիի տաղանդն ու բնավորությունը՝ նրան համարելով իր նախագծի ամենակարևոր մասը։