«Բարսելոնան» ցանկանում է այս ամառ բաժանվել լեհ 35-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց, հայտնում է Todofichajes առցանց հրատարակությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թիմի ղեկավարները ցանկանում են ազատվել ֆուտբոլիստից՝ աշխատավարձի վճարը նվազեցնելու համար։ Ֆուտբոլիստը տարեկան ստանում է մոտ 30 միլիոն եվրո: «Բարսելոնան» ծրագրում է Լևանդովսկուն ուղարկել Սաուդյան Արաբիա կամ Պրեմիեր լիգա, որտեղ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն կա ակումբներից։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: