Մատս Հումելս․ «Պատճառ չեմ տեսնում, որ չկարողանանք հաղթել «Ուեմբլիում»»

«Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը, ով միակ գոլը խփեց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում, կիսվել է դորտմունդյան թիմի՝ մրցաշարի եզրափակիչ դուրս գալու մասին հույզերով։

Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ «Բորուսիայի»։ Էդին Թերզիչի թիմը հաղթեց ընդհանուր 2:0 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

«Իմ կարիերայի ընթացքում ես շատ քիչ գոլ եմ խփել Չեմպիոնների Լիգայում՝ ընդամենը հինգ։ Հիմա այդ թիվը մեծացնելու կատարյալ ժամանակն է։ Խմբային փուլի երկրորդ խաղից մենք հավատում էինք, որ կարող ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, և ես պատճառ չեմ տեսնում, որ չկարողանանք հաղթել «Ուեմբլիում»։

Այսօր մենք անընդհատ ակտիվ էինք՝ պահպանելով շատ բարձր խաղային տեմպ և այսպիսի մթնոլորտ մարզադաշտում։ Սա էր մեր այսօրվա հաջողության բաղադրատոմսը»,- Հումելսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հունիսի 1-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Բորուսիայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը» կամ Մյունխենի «Բավարիան»։