«Կամ խորտակվում ես, կամ լողում». «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստը պատմել է, թե ինչ է նշանակում խաղալ Մեսսիի հետ

«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Մատիաս Ռոխասը խոսել է այն մասին, թե ինչպես է խաղալ Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում։

Վերջերս MLS-ի կանոնավոր առաջնության «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ խաղում Ռոխասը դուբլի հեղինակ դարձավ՝ երկու գոլային փոխանցումներն էլ կատարեց Մեսսին, ով այս հանդիպմանը դարձավ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

«Մեսսիի հետ նույն թիմում խաղալը մեծ պատասխանատվություն է։ Երկու ճանապարհ կա՝ կամ խորտակվում ես, կամ լողում։ Իմ կարծիքով, Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։

Նրա փոխանցումը երկրորդ գոլի ժամանակ ցնցող էր պարզապես։ Չէի սպասում նման փոխանցման, բայց դա հեշտացրեց մեր խնդիրը։ Դուք պարզապես պետք է օգուտ քաղեք նրա հետ շփումից, և դա այն է, ինչ ես և թիմը անում ենք»,- ասել է Ռոխասը Deporte Total USA-ին տված հարցազրույցում: