Կառլո Անչելոտտի. «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիայի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է սպասվող խաղի մասին։

«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում «Բավարիային»։ Նրանք հիանալի խաղացին «Արսենալի» դեմ, և մենք կենտրոնացած ենք այդ հանդիպումների վրա, այլ ոչ թե նրանց ելույթների վրա Բունդեսլիգայում։ Պետք է հաշվի առնել Չեմպիոնների Լիգայում նրանց հաջողությունների պատմությունը, դա կարևոր գործոն է։

Բայց անցյալը մնում է անցյալում։ Սա կիսաեզրափակիչն է։ Մենք պետք է խաղանք մրցակցի հետ, ով ունի տպավորիչ զինանոց և որակ։ Մենք շատ ուրախ ենք այստեղ լինելու համար։ Կարծում եմ՝ քչերն էին սպասում, որ մեզ կտեսնեն կիսաեզրափակչում։ Բայց մեր նպատակն է այս դիմակայությունից հետո ևս մեկ հանդիպում անցկացնել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բավարիա» – «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։