Այսօր կկայանա հերթական «Էլ-կլասիկոն»

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում ապրիլի 21-ին Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բարսելոնային»։

Այս երկու գրանդ թիմերի դիմակայությունը կոչվում է «Էլ-կլասիկո»։ Հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։

«Սերուցքայինները» վաստակել են 78 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Կատալոնական ակումբը 70 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

2023/24 մրցաշրջանում մրցակիցները հանդիպել են երկու անգամ։ 2023 թվականի հոկտեմբերի 28-ին Լա Լիգայի 11-րդ տուրում մադրիդյան թիմը 2։1 հաշվով հաղթեց «Բարսային»։ 2024 թվականի հունվարի 14-ին Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ռեալը» հաղթեց՝ 4։1 հաշվով և նվաճեց տիտղոսը։