Դանիել Օլմոն կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Բարսելոնան» հետաքրքրված է «Լայպցիգի» 25-ամյա կիսապաշտպան Դանիել Օլմոյին ձեռք բերելու հարցում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբն արդեն տեղեկացրել է Օլմոյի գործակալներին, որ մտադիր է առաջիկա ամռանը փորձել պայմանագիր կնքել իսպանացի ֆուտբոլիստի հետ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։