«Մանչեսթեր Սիթիի» առաջատարը կարող է բաց թողնել Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Չելսիի» հետ խաղից առաջ առողջական խնդիրներ ունի, ասել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղի հիմնական ժամանակից հետո Հոլանդը հարկադրաբար փոխարինվեց։ Լրացուցիչ ժամանակի ավարտից առաջ փոխարինում էր խնդրել նաև կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։

«Կևինը լավ է: Վնասվածքի պատճառով հինգ ամիս դուրս մնալուց հետո նա ուժասպառ և շատ հոգնած էր զգում, ինչը նորմալ է: Էրլինգը ինչ-որ բան զգաց, մկանային խնդիրներ։ Հոլանդը խնդիրներ ունի, մենք կտեսնենք, թե ինչպես է նա իրեն զգում առաջիկա ժամերին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում London Evening Standard-ը: