Իլկայ Գյունդողան․ «Իմ հետ դրվագում 11 մետրանոց կար»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ հանդիպման մրցավարը սխալ է թույլ տվել՝ չնշանակելով 11 մետրանոց՝ հօգուտ «Բարսելոնայի»։

Հիշեցնենք, որ հանդիպման 64-րդ րոպեին Իլկայը Վիտինյայի հետ շփումից հետո ընկել էր հյուրերի տուգանային հրապարակում։ «Բարսելոնայի» կիսապաշտպանը դեղին քարտ է ստացել սիմուլյացիայի համար։

«Կարծում եմ, որ պետք է 11 մետրանոց լիներ: Ես առանց շփման չեմ ընկնում, ուստի ինձ համար ամեն ինչ չափազանց ակնհայտ է»,- Գյունդողանին մեջբերում է Football España-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

ՊՍԺ – «Բարսելոնա» հանդիպումը կայացել է նախօրեին՝ ապրիլի 16-ին։ 12-րդ րոպեին «Բարսելոնայի» եզրային Ռաֆինյան բացեց խաղի հաշիվը։ 29-րդ րոպեին «Բարսելոնայի» պաշտպան Արաուխոն տուգանային հրապարակի եզրին տապալեց Բարկոլային և ուղիղ կարմիր քարտ ստացավ: 40-րդ րոպեին ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն հավասարեցրեց հանդիպումը։ 54-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Վիտինյան առաջ մղեց իր թիմին։ 61-րդ րոպեին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն 11 մետրանոցի շնորհիվ ամրապնդեց իր թիմի առավելությունը։ 89-րդ րոպեին Մբապպեն դուբլի հեղինակ դարձավ։ Այսպիսով, ՊՍԺ-ն 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» (ընդհանուր 6:4):