Կառլո Անչելոտտի․ «Նա կարող է դառնալ աշխարհի լավագույն հարձակվողը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպման նախօրեին խոսել է «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։

«Եթե խոսենք անհատականությունների մասին, ապա Հոլանդը «Սիթիի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներից մեկն է: Առաջին խաղում նա շատ չհայտնվեց, բայց Հոլանդն այս պահին աշխարհի լավագույն ռմբարկուներից մեկը դառնալու ներուժ ունի։ Նա միշտ վտանգավոր է»,- Անչելոտիին մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Առաջին հանդիպումն արձանագրվել է ոչ-ոքի (3:3): Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին։ 

Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը բոլոր ակումբային մրցաշարերում 38 խաղում դարձել է 31 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։