Լևերկուզենի փողոցներից մեկը կարող է վերանվանվել ի պատիվ Խաբի Ալոնսոյի

Լևերկուզենի փողոցներից մեկը կարող է վերանվանվել ի պատիվ Խաբի Ալոնսոյի։

«Բայերը» իսպանացի մասնագետի գլխավորությամբ ժամանակից շուտ երաշխավորեց Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը՝ 29 տուրից հետո վաստակելով 79 միավոր։ Սա ակումբի պատմության մեջ առաջին չեմպիոնությունն է։

Ինչպես գրում է Der Spiegel-ը, Լևերկուզենի վարչակազմը ցանկանում է Ալոնսոյին շնորհել քաղաքի պատվավոր քաղաքացու կարգավիճակ։ Բացի այդ, մարզադաշտի մերձակայքում գտնվող փողոցներից, հրապարակներից կամ պուրակներից մեկը կարող է անվանակոչվել մարզչի անունով։

Քաղաքապետարանի պաշտոնյաներն ասացին, որ ուսումնասիրում են փողոցների պաշտոնական անվանումների պահանջները: «Վերդերի» դեմ խաղից առաջ (5:0) երկրպագուներն արդեն փակել էին փողոցային ցուցանակները «Խաբի Ալոնսոյի ծառուղի» գրությամբ պիտակներով։

Rheinische Post-ը պարզաբանում է, որ կա Լևերկուզենի քաղաքային խորհրդի պարտադիր որոշում, ըստ որի փողոցներն այլևս չեն կարող մարդկանց անուններով կոչվել։ Դա արվել է, որպեսզի կուսակցությունները թույլ չտան այս կերպ հավերժացնել իրենց շարքերից մարդկանց անունները։ Ալոնսոյի պատվին փողոցներից մեկի անվանափոխությունը կպահանջի խորհրդի նոր որոշում: 

«Դա արժե քննարկել և մտածել, քանի որ դա դրական էմոցիոնալ ազդեցություն է ունենում մարդկանց վրա: Այս քաղաքում ավելի համախմբող բան չկա, քան այս չեմպիոնությունը»,- ասել է Լևերկուզենի քաղաքային խորհրդի ամենամեծ խմբակցության անդամ Ստեֆան Հեբելը:

«Գուցե դեռ վաղ է Ալոնսոյի անունով փողոց անվանելը, բայց մենք պետք է մտածենք այդ մասին: Առաջնությունը համատեղ ձեռքբերում էր, նույնիսկ եթե մարզիչն առաջատարն է»,- ավելացրել է Հեբելը։ 

Քաղաքային խորհուրդը Խաբիին պատվավոր քաղաքացու կարգավիճակ շնորհելու հարցը կորոշի մայիսի 6-ին։