Յուլիան Նագելսմանը մոտ է իր նախկին ակումբ վերադառնալուն

Մյունխենի «Բավարիան» մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն: Sky Sport Germany-ի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը բանակցությունների առաջադեմ փուլում է գտնվում Գերմանիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ, ով «Բավարիան» մարզել է 2021-23 թվականներին։

Նշվում է, որ, թեև կողմերն արդեն քննարկում են 3-4 տարի ժամկետով պայմանագրի մանրամասները, այդուհանդերձ, 36-ամյա մասնագետը դեռ վերջնական համաձայնություն չի տվել գործարքն ավարտին հասցնելու համար։

Եթե ​​բանակցությունները ձախողվեն, «Բավարիան» կարող է անցնել Ռոբերտո դե Զերբիի կամ Ունայ Էմերիի հավանական տարբերակներին:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։