«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի ի պատիվ «ներաձուրիների» չեմպիոնության։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի Ա Սերիայի 32 տուրից հետո «Ինտերը» աղյուսակի առաջին տեղում է՝ 14 միավորով առաջ լինելով «Միլանից»։
«Ես չեմ սիրում դաջվածքներ և չէի անի դաջվածք՝ Սկուդետտոն նվաճելու առթիվ։ Եթե չեմպիոն դառնայի, դա կմնար իմ գլխում և իտալական ֆուտբոլի պատմության գրքում։ Սա ինձ բավական է»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Inter Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հենրիխը «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում 35-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: