Թոմաս Տուխելը կարող է հեռացվել, եթե «Բավարիան» պարտվի «Արսենալի» դեմ առաջին խաղում

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ հանդիպումը կարող է վերջինը լինել Թոմաս Տուխելի համար «Բավարիայի» մարզչի պաշտոնում։

Bild-ի տեղեկություններով՝ մյունխենցիների ղեկավարությունը կարող է հեռացնել մասնագետին Լոնդոնում կայացած առաջին խաղում պարտության և վատ խաղի դեպքում։

Այսպիսով, «Բավարիան» նախատեսում է հոգեբանական ցնցում տալ և օգնել թիմին թարմ ուժերով մոտենալ պատասխան խաղին։

Ճիշտ է, նման սցենար կլինի միայն այն դեպքում, եթե «Բավարիան» ոչ միայն պարտվի, այլեւ վատ ֆուտբոլ ցուցադրի «Էմիրեյթսում»:

Հիշեցնենք, որ Տուխելը, այնուամենայնիվ, կլքի «Բավարիան» մրցաշրջանի ավարտին։ Ակումբը նրան կվճարի մոտ 12 միլիոն եվրո փոխհատուցում։