«Միլանը» փոխարինող է գտել Մայք Մենյանին

«Միլանը» դիտարկում է «Վալենսիայի» 23-ամյա դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիին՝ որպես «ռոսոներիների» ներկայիս դարպասապահ Մայք Մենյանին հնարավոր փոխարինող։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին ֆրանսիացի դարպասապահն ու «Միլանը» չեն կարողանում պայմանավորվել աշխատանքային նոր պայմանագրի պայմանների շուրջ։ Մենյանն ակնկալում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:

Իր հերթին իտալական ակումբի ղեկավարությունը չի ցանկանում 28-ամյա ֆուտբոլիստին վճարել 7 միլիոն եվրոյից ավելի, որը ստանում է եզրային Ռաֆայել Լեաուն։

Ընդգծվում է, որ «Միլանը» Մամարդաշվիլիի համար պետք է վճարի 40-50 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մամարդաշվիլին բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցից 9-ում դարպասն անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: