«Բոլոնիայի» հարձակվողը կարող է վերադառնալ «Բավարիա»

«Բավարիան» դիտարկում է «Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Զիրկզեին վերադարձնելու հնարավորությունը, հայտնում է Kicker-ի լրագրող Գեորգ Հոլցները:

Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը քննարկում է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ «Բավարիան» նախկինի պես ունի ֆուտբոլիստին 22 միլիոն եվրոյով գնելու առաջնահերթության իրավունք. այս կետը ներառվել է իտալական թիմի հետ պայմանագրում:

Զիրկզեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Միլանը» և «Նապոլին»:

Զիրկզեն «Բոլոնիա» է տեղափոխվել «Բավարիայից» 2022 թվականի օգոստոսին: Տրանսֆերային գումարը կազմել է 8,5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 40 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 30 հանդիպում, դարձել 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Զիրկզեն «Բոլոնիայի» լավագույն ռմբարկուն է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (10 գոլ):