«Ռեալը», «Բավարիան» և «Միլանը» ծրագրում են եռակողմ գործարք կնքել

Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» և «Միլանը» ծրագրում են եռակողմ գործարք կնքել՝ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձախ պաշտպանների փոխանակման համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» չի հրաժարվում «Բավարիայից» Ալֆոնսո Դևիսին գնելու մտքից։ Տրանսֆերը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի։ Այնուամենայնիվ, «Բավարիան» նոր ձախ պաշտպանի կարիք ունի, իսկ մյունխենցիների ղեկավարությունը որպես հարմար թեկնածու տեսնում է Թեո Էրնանդեսին: Իր հերթին, «Ռեալը» կկարողանա իտալական թիմին առաջարկել իր խաղացող Ֆերլան Մենդիին, ով, եթե Դևիսը գա, կդադարի լինել հիմնական թիմի խաղացող։

Այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Էրնանդեսը անցկացրել է 38 խաղ և կարողացել է խփել 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Մենդին մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստների գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 70 միլիոն եվրո, 60 միլիոն եվրո և 20 միլիոն եվրո: