Մարկո Ռոզե. «Իմ թիմը շատ լավ խաղ ցուցադրեց»

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի» հետ ոչ-ոքին (1։1)։

Ընդհանուր դիմակայության արդյունքներով «Լայպցիգը» դուրս մնաց մրցաշարից՝ պարտվելով՝ 1։2 հաշվով։

«Մենք լավ հնարավորություններ ունեինք և շատ լավ խաղացինք: Այս հանդիպումներում շատ կարևոր է լավ հավասարակշռություն գտնելը՝ պաշտպանել այն, ինչ պետք է պաշտպանել: Մենք դա շատ լավ արեցինք։ Երբեմն մենք շատ ուժեղ ճնշում էինք գործադրում, պաշտպանվում էինք խորը և տիրում էինք գնդակին: Իմ թիմը շատ լավ խաղ ցուցադրեց։

Մենք պարզապես բավականաչափ գոլեր չխփեցինք: Ի վերջո նրանք երկու գոլ խփեցին, իսկ մենք միայն մեկը։ Մենք շատ հիասթափված ենք, որ դուրս մնացինք գավաթի համար պայքարից։
Ի՞նչն էր պակասում։ Մենք շատ դիրքերում բարձր որակ ունենք և առաջնությունում շատ գոլեր ենք խփում։ Միգուցե մեզ պակասում է փորձը որոշակի իրավիճակներում կամ հանգստությունը, որը գալիս է փորձառության հետ: Ձեզ նույնպես պետք է մի փոքր հաջողություն, սա նույնպես կարևոր մասն է», – մարզչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն: