Էրիկ տեն Հագ. «Մի մոռացեք, որ նրանք աշխարհի լավագույն ակումբն են»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (1։3) պատասխանել է այն հարցին, թե դերբին ցույց տվեց թիմերի դասային տարբերությունը։

«Ոչ, ես այդպես չեմ կարծում, բացարձակապես ոչ: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք վնասվածքների պատճառով, բայց, այնուամենայնիվ, հնարավորություն ունեցանք միավորներ վաստակելու։ Մեր և «Մանչեսթեր Սիթիի» միջև տարբերությունը փոքր է։

Մենք կարող էինք երկրորդ գոլը խփել։ Մենք կարող ենք մրցունակ լինել, և դա ցույց տվեցինք Անգլիայի գավաթի եզրափակչում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Այս պահին նրանք մեզնից առաջ են, բայց մի մոռացեք, որ նրանք աշխարհի լավագույն ակումբն են»,- ասել է տեն Հագը։

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։