«Նապոլին» 130 միլիոն եվրո է ուզում ստանալ Վիկտոր Օսիմհենի վաճառքից

«Նապոլին», եթե վաճառի իր հարձակվող Վիկտոր Օսիմհենին, ցանկանում է նրա համար ստանալ մոտ 130 միլիոն եվրո։Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է լրագրող Նիզար Կինսելլան։

Նշվում է, որ իտալական ակումբը մտադիր չէ նվազեցնել նշված գումարը և «չի բանակցի, եթե նույնիսկ առաջարկվող գինը 1 միլիոն եվրոյով պակաս լինի»։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Չելսիի» և ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն աշխատում են նիգերիացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու վրա։

Այս մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 21 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 110 միլիոն եվրո:

Ա Սերիայի 26 տուրից հետո «Նապոլին» 40 միավորով 9-րդ տեղում է։