Մասիմիլիանո Ալեգրի. «Մենք պետք է ավարտենք այս մրցաշրջանը երկրորդ տեղում»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է 2025 թվականի ամռանը ավարտվող պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին հարցին։

«Ղեկավարությունը և ես դեռ չենք խոսել այս մասին։ Ես մեկ տարի ունեմ պայմանագրով: Մենք պետք է ավարտենք այս մրցաշրջանը դրական նոտայով, իսկ հետո, երբ ակումբի ղեկավարները որոշեն, թե ինչպիսին է լինելու «Յուվենտուսի» ապագան, նրանք ինձ տեղյակ կպահեն: Այժմ մենք պետք է ամեն ինչ անենք երկրորդ տեղը գրավելու և նախորդ տարվա ցուցանիշը բարելավելու համար, երբ երրորդ տեղն էինք զբաղեցնում: Այդ պահից թիմը մեծապես փոխվեց, քանի որ շատ երիտասարդ խաղացողներ եկան։ Հիմա սա նույնպես հաշվի է առնվում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 26 տուրից հետո «Յուվենտուսը» վաստակել է 57 միավոր եւ երկրորդ տեղում է՝ առաջատար «Ինտերից» զիջելով 12 միավորով։