Դանի Ալվեսին դատապարտել են չորս ու կես տարվա ազատազրկման

Բարսելոնայի դատարանը «Բարսելոնայի» և Բրազիլիայի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսին դատապարտել է չորս տարի վեց ամիս ազատազրկման՝ 2022 թվականի դեկտեմբերին Բարսելոնայի Սաթոն գիշերային ակումբի VIP տարածքում 23-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։

Բարսելոնայի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Կատալոնիայի Գերագույն դատարան և Գերագույն դատարան։ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի համար դատախազությունը 9 տարվա ազատազրկում է պահանջել։ Ալվեսի պաշտպանությունը՝ ի դեմս փաստաբան Ինես Գվարդիոլայի, պահանջում էր արդարացում կամ, որպես այլընտրանք, մեկ տարվա ազատազրկում և 50 հազար եվրո փոխհատուցում:

Բացի պատժից, դատարանը պարտավորեցրել է Ալվեսին տուժողին վճարել 150 հազար եվրո փոխհատուցում։