Տոնի Կրոսը խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է, որ դեռ որոշում չի կայացրել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։

«Ես միշտ ասում եմ ճշմարտությունը, և հիմա ճշմարտությունն այն է, որ ես չգիտեմ: Ես մտածում եմ, թե ինչ եմ ուզում և դեռ ոչինչ չեմ որոշել։ Ես շատ ուրախ եմ, երբ լսում եմ, որ մարդիկ ցանկանում են, որ ես ևս մեկ տարի մնամ «Ռեալում», բայց ամեն ինչ կախված է շատ բաներից։ Ցանկանում եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակով։ Հիմա ես պարզապես վայելում եմ պահը: Կարծում եմ, որ արժանի եմ մի քիչ ավելի շատ ժամանակի, որպեսզի մտածեմ իմ որոշման մասին, չեմ ուզում սխալվել»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Մադրիդցիների գործող համաձայնագիրը 34-ամյա գերմանացու հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։