Ռոբերտ Լևանդովսկին xG-ով առաջինն է Լա Լիգայում

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ակնկալվող գոլերով (xG) Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Լեհ հարձակվողի համար այս ցուցանիշը հասել է 12,68-ի, սակայն իրականում նա խփել է ընդամենը ինը գնդակ ու նույնիսկ մրցաշարի լավագույն ռմբարկուների 10-յակում չի հայտնվել։

Լա Լիգայի լավագույն ռմբարկուն Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն է, ով 21 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։ Լևանդովսկին, հիշեցնենք, նույնքան խաղում խփել է ինը գոլ։ Նույնքան գոլ ունեն Սամու Օմորոդիոնն ու Գորկի Գուրուսետան, որոնք 9-10-րդ տեղերում են պայքարում։ Սակայն «Ալավեսի» և Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստները ոչ միայն քիչ ժամանակ են ծախսել այս գոլերի վրա, այլև իրենց վիճակագրության մեջ չունեն 11 մետրանոցներ, իսկ Լևանդովսկին դրանից երկուսն ունի։

Լևանդովսկին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Անցած մրցաշրջանում նա դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 34 խաղում դառնալով 23 գոլի հեղինակ։