Ֆերան Տորեսին չեն վաճառի առաջիկա ամռանը

«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է, որ կատալոնական ակումբի վինգեր Ֆերան Տորեսը չի վաճառվի առաջիկա ամռանը՝ անկախ հնարավոր տրանսֆերի պայմաններից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, «Բլաուգրանայի» ղեկավարները բարձր են գնահատում 23-ամյա հարձակվողի գոլային բնազդները՝ զուգորդված նրա բազմակողմանիությամբ, ինչը թույլ է տալիս Տորեսին խաղալ հարձակման բոլոր երեք դիրքերում: «Բարսելոնայի» ղեկավարությունը նաև նշում է ֆուտբոլիստի չեմպիոնական մտածելակերպը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Տորեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: