Սամուել Էտո’Օ-ն հրաժարական է տվել Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Նախկին լեգենդար հարձակվող Սամուել Էտո’Օ-ն երկուշաբթի օրը հրաժարական է տվել Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի (CFF) նախագահի պաշտոնից, սակայն գործադիր կոմիտեն մերժել է նրա խնդրանքը, հայտնում է AP-ն։

Գործադիր կոմիտեն երեկ նիստ է անցկացրել՝ գնահատելու Կամերունի հավաքականի ելույթը Աֆրիկայի ազգերի գավաթում։ Հանդիպումը սկսվեց նրանով, որ Էտո’Օ-ն հայտարարեց հրաժարական տալու իր ցանկության մասին և հրավիրեց գործադիր կոմիտեի մնացած անդամներին անել նույնը:

«Գործադիր կոմիտեի անդամները որոշեցին պահպանել իրենց ներկայիս մանդատները և այդպիսով միաձայն մերժեցին նախագահի հրաժարականը՝ դրանով իսկ հաստատելով իրենց վստահությունը, որ նա կշարունակի վերականգնել և զարգացնել Կամերունի ֆուտբոլը բոլոր մակարդակներում, ինչպես նախատեսված է ընտրվածների կողմից ընդունված իր ծրագրում»,- ասված է ԿՖՖ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Կոտ դ՛Իվուարում ընթացող Աֆրիկայի գավաթի խաղարկությունում Կամերունի հավաքականը դուրս մնաց 1/8 եզրափակիչ փուլում՝ 0։2 հաշվով զիջելով Նիգերիային։

«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստը գլխավորում է տեղի ֆեդերացիան 2021 թվականի դեկտեմբերից։ Վերջերս Էտո’Օ-ին մեղադրում էին պայմանավորված խաղերի և կոռուպցիայի մեջ իր հայրենիքում: