Խվիչի Կվարացխելիան կարող է հեռանալ «Նապոլիից»

Գործակալ Մամուկա Ջուգելին, որը ներկայացնում է «Նապոլիի» վինգեր Խվիչի Կվարացխելիայի շահերը, մերժել է նեապոլիտանական ակումբի ղեկավարության առաջարկը՝ երկարաձգել պայմանագիրը վրացի ֆուտբոլիստի հետ աշխատավարձի եռապատիկ բարձրացմամբ։ Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա խաղացողի ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 1,3 միլիոն եվրո: «Նապոլին» Կվարացխելիային առաջարկել է 4 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչը պահանջում է 7 միլիոն եվրո։

Ընդգծվում է, որ Կվարացխելիան այս պահին նեապոլիտանական ակումբի ամենացածր վարձատրվող ֆուտբոլիստներից է։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։