Հայտնի է դարձել մեկ այլ թեկնածուի անուն, ում «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է Չավիին փոխարինելու համար

«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Չավիին, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս պաշտոնի հիմնական թեկնածուն «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին է։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այդ պաշտոնին հավակնում են նաև Ռաֆայել Մարկեսը, ով մարզում է «Բարսայի» երիտասարդական թիմը, եւ Խուլեն Լոպետեգին, ում վերջին աշխատանքը եղել է «Վուլվերհեմփթոնը»։

Հունվարի 28-ին Չավին հայտարարեց, որ կհեռանա «Բարսելոնայից» 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։ Մասնագետը թիմը գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։ Նրա գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթեց Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը։

Այս պահին «Բարսան» 44 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։